image

Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին դեռ չի գտնվել. «Հուսանք, դու ողջ ես»,-գրում են հարազատները

Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին դեռ չի գտնվել. «Հուսանք, դու ողջ ես»,-գրում են հարազատները

Փարիզից ստանալով  տեղեկություններ` «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին` Լոլա Ուզունյանը, դեռևս չի գտնվել: Շաբաթ և կիրակի օրերին ընտանիքի բոլոր անդամներն ու ընկերները որոնել են 17-ամյա աղջկան, սակայն` ապարդյուն: 

«Հուսանք դու ողջ ես»,- սոցիալական ցանցերում զետեղելով Լոլայի լուսանկարը, գրել է նրա հորեղբայր Մարկ Ուզունյանը և խնդրել բոլորին` օգնել գտնելու սիրելի Լոլային:  

Մեր աղբյուրները միաժամանակ հայտնում են, որ բազմաթիվ մարդիկ դեռևս չեն գտել իրենց հարազատներին, և նրանց շարունակում են  փնտրել վիրավորների ու զոհվածների մեջ: 

Ինչպես տեղեկացրել էինք,  փարիզաբնակ Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ի ահաբեկչության ժամանակ կորել է: Երեք օր է` ընտանիքը Փարիզի և արվարձանների բոլոր հնարավոր վայրերում փնտրում է աղջկան, սակայն առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե որտեղ կարող է լինել 17-ամյա հայուհին: Ոստիկանությունն Ուզունյանների  ընտանիքին հորդորել է սպասել մինչև երկուշաբթի, մինչև վերջնական ճշտվեն ահաբեկչությունից տուժածների ցուցակները: 

Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է   Eagles of Death Metal խմբի համերգին:  Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել  սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի  ահաբեկչական գործողության  ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան:  Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել: Ընկերները խնդրում են  Լոլայի մասին տեղեկությունների դեպքում զանգահարել 0610773491 հեռախոսահամարով: